23 մայիսի 2017 - 16:17 AMT
ՀՀ նախագահը ցավակցել է Մեյին՝ Մանչեսթերում ահաբեկչության կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ Մանչեստեր Արենայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի կապակցությամբ, որն ավելի քան երկու տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան ու բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել:

«Կորստի այս դժվարին պահին իմ զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով ուժ և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Հայաստանը խստորեն դատապարտում է նման անմարդկային գործողությունները և վճռական է համատեղ ուժերով շարունակելու պայքարը բռնության և ահաբեկչության դեմ»,-ասված է նախագահի ցավակցական հեռագրում:

Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ մոտ 60-ը:

Կարդացեք նաև՝ Պայթյուն վերջին ակորդի ժամանակ. Ինչն է հայտնի մանչեսթերյան ահաբեկչության մասին, ինչը՝ դեռ ոչ