29 մայիսի 2017 - 09:59 AMT
Հայ ըմբիշները Բելառուսում ոսկի, արծաթ ու բրոնզ են նվաճել

Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը մայիսի 26-27-ը Բելառուսում մասնակցել է միջազգային մրցաշարի, որտեղ հայ ըմբիշները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել։

Երիտասարդները մրցել են մեծահասակների մրցաշարում։ Բելառուսում չեմպիոն են դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ քաշային կարգ) և Գեղամ Գալստյանը (65 կգ)։ Արծաթե մեդալի են արժանացել Կարեն Զուրաբյանը (57 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ)։ Իսկ Վարդգես Կարապետյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը նշել է, որ ընդհանուր առմամբ գոհ է տղաների մրցելույթներից և մինչև Եվրոպայի առաջնությունը սխալները շտկելու ժամանակ ունեն։

Այժմ ազատ ոճի երիտասարդական հավաքականը Վլադիկավկազում է, որտեղ մինչև հունիսի 10-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի։