9 հունիսի 2017 - 00:05 AMT
Տիմատիի բացօթյա համերգին Երևանում ավելի քան 40.000 հանդիսատես էր հավաքվել

Հունիսի 8-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայացավ ռուս հիփ-հոփ կատարող Տիմատիի բացօթյա համերգը, որին մուտքն անվճար էր։

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնեց համերգը կազմակերպած Jet Set ընկերության հիմնադիր Արման Ալեքսանյանը, ըստ իրենց մոտավոր հաշվարկի, համերգին ավելի քան 40.000 հանդիսատես էր ներկա։ Դեպի Հրապարակ տանող բոլոր մուտքերն ու փողոցները լի էին մարդկանցով։

«Մոտ 45.000 մասնակից ենք հաշվել»,- ասաց Ալեքսանյանը՝ նշելով, որ իրենք շատ գոհ են, քանի որ համերգն անցավ նույնիսկ սպասվածից ավելի լավ։

Մինչ այդ Ալեքսանյանն ասել էր, որ Հանրապետության հրապարակը մոտ 30.000 հանդիսատես կարող է տեղավորել, բայց իրենք ավելին են ակնկալում։

Չնայած համերգը սկսվեց ժամը 20:00 -ին, հանդիսատեսը սկսել էր հավաքվել դեռ ժամը 19:00-ից։ Մինչև երգչի բեմ բարձրանալը ներկաներին զբաղեցնում էր Տիմատիի պաշտոնական DJ-ը, Black Star լեյբլի մասնակից DJ Philchansky-ն։ Ինքը Տիմատին բեմ բարձրացավ ժամը 21:00-ին ու մոտ ժամ ու կես տևողությամբ համերգ տվեց՝ կատարելով ինչպես համեմատաբար նոր, այնպես էլ հին հիթեր։