Հունիսի 14-ին՝ առավոտյան ժամը 10:00-ին, գործարկվել է Երևան - «Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների փորձնական երթուղին:
Այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։
Երթուղային ավտոբուսով «Զվարթնոց» օդանավակայան մեկնող առաջին ուղևորները լրագրողներն ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչներն են եղել:
Այն կազմակերպել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը՝ երթուղին կանոնակարգելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն:
Ուղևորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին կից գծանշումներով առանձնացված տարածքից, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։
Փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է։
Հունիսի 8-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետն անդրադարձել է տաքսիստների մատուցած ծառայություններին և մասնավորապես արտաքին տեսքին։ Նրա խոսքով, մատուցվող ծառայությունները չեն համապատասխանում պահանջներին։
«Անթրաշ, «չստիկով», սիգարետը բերանին, Երևանյան լիճը Սևանա լճի տեղ ցույց տվող»,- Կարապետյանն այսպես է նկարագրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցող վարորդներին: