20 հունիսի 2017 - 10:52 AMT
Հայ ընտանիքին հաջողվել է փրկվել Լոնդոնի հրդեհից

Լոնդոնաբնակ հայ դասախոս Մեսրոպ Քասեմջյանին, որը քրեագիտություն է դասավանդում Քրոյդոն համալսարանական կենտրոնում, հաջողվել է ընտանիքի հետ հրաշքով փրկվել հունիսի լույս 14-ի գիշերը Լոնդոնի բազմահարկում բռնկված հրդեհից:

Երբ հրդեհը բռնկվել է, Քասեմջյանն ընկերուհու հետ հեռուստացույց է դիտելիս եղել: Նկատելով կրակը՝ երիտասարդները շտապել են արթնացնել դասախոսի 68-ամյա հորաքրոջը: Նրանց հաջողվել է փրկվել այրվող շենքից, չնայած բնակարանը 17-րդ հարկում էր, սակայն Քասեմջյանը կորցրել է ամբողջ ունեցվածքը, գրում է Croydon Advertiser-ը:

Համալսարանական կենտրոնի ուսանողները դրամահավաք են սկսել հօգուտ Քասեմջյանի: Նրանք մտադիր են £1500 հավաքել, որպեսզի իրենց սիրած դասախոսը կարողանա վերականգնել իր գրադարանն ու նոութբուք ունենա:

Հրդեհից այրված Grenfell Towel շենքում 400-600 մարդ էր բնակվում: Կրակը 2 օր չէր հաջողվում մարել, զոհերի քանակը հասել է 79-ի:

Հունիսի 19-ից տուժածներին սկսել են վճարել 5500-ական ֆունտ սթեռլինգ (մոտ 6276 եվրո) արտակարգ իրավիճակների պետական հիմնադրամից: Ավելի վաղ հայտարարվեց, որ հրդեհի պատճառների թվում նշվում է արտաքին պանելների որակը: Եթե շինընկերության մեղքը հաստատվի, ոստիկանությունը քրեական գործ կհարուցի:

Photo: RICK FINDLER/GETTY IMAGES