22 հունիսի 2017 - 12:07 AMT
ԱԺ-ն ընդունել է Կառավարության ծրագիրը

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին ձայների 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը:

Կառավարության ծրագրին կողմ են քվեարկել ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների, դեմ՝ «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները:

Հունիսի 21-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ազգային ժողովում ներկայացնելով ծրագիրը, ասել է, որ դրա հիմքում դրված է անվտանգ, արդար, անկախ և խելացի Հայաստան ունենալու տեսլականը։ PanARMENIAN.Net ը մեջբերում է վարչապետի ելույթի կարևորագույն դրույթները:

Կառավարության ծրագրի հիմնական կետերն են. զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջին հաշվով մոտ 5 տոկոս աճի ապահովման միջոցով, աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով, զբաղվածության աճի և արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում՝ հաշվի առնելով կառուցվածքային գործազրկությունը և երկրի մրցունակության նվազման ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի և աշխատավարձի մեդիանայի համամասնությունը, արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի: