26 հունիսի 2017 - 16:47 AMT
Իսրայելը ներկայացրել է Spike նոր հրթիռը, որը Բաքուն կիրառել էր Արցախի դեմ

Իսրայելի Rafael ընկերությունը փարիզյան ավիաշոուի ժամանակ առաջին անգամ ներկայացրել է հակատանկային նոր սերնդի Spike հրթիռը, որն ավելի վաղ Ադրբեջանն արդեն կիրառել է Արցախի դեմ:

Մայիսին Ադրբեջանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ տեսանելի են հրթիռի գործարկման կադրերը, որի հետևանքով խոցվել է հայկական ռազմական թիրախ, գրում է Jerusalem Online-ը:

Spike LR II կամ Spike 2 նոր հրթիռները, գործարկվելով ցամաքից, կարող են խոցել մինչև 5,5 կմ հեռավորության վրա գտնվող թիրախը, իսկ ինքնաթիռից գործարկվելու դեպքում՝ մինչև 10 կմ: Հրթիռը հաջողությամբ գործարկվել է Իսրայելում և արդեն կիրառվել է Ադրբեջանի կողմից ղարաբաղյան զորքերի հետ շփման գծում:

Spike LR II-ի հիմնական նորամուծությունն այն է, որ ինքնաթիրախավորող նոր գլխիկը նոր կատարելագործված բնութագրեր ունի: Հրթիռի քաշը 12,7կգ է և կարող է արձակվել Spike ցանկացած համակարգից: Հրթիռն ունի ազդանշանի մշակման միջոցներ, որոնց օգնությամբ կարող է հետևել թիրախների տարբեր տիպերի, այդ թվում բարդ պայմաններում: Նշվում է, որ տեսաազդանշանների մշակման համակարգում օգտագործված են արհեստական ինտելեկտի տարրեր, որի օգնությամբ ապահովվում է տեսադաշտից անհետացող օբյեկտների հավաստանշումը: Նաև հայտարարվում է, թե հրթիռը կարող է հաղթահարել զրահամեքենայի ակտիվ և դինամիկ պաշտպանությունը կառավարման ինչ-ինչ ալգորիթմերի շնորհիվ:

Ըստ պարբերականի, այդպիսի զենիթահրթիռային համակարգ ունի նաև «Հեզբոլլահ» խմբավորումը:

Մայիսի 15-ին շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել էր «Սպայկ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել էր մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը ՌԴ-ից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից ու Ռիչարդ Հոգլանդն ԱՄՆ-ից հայտարարություն են տարածել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման վերաբերյալ՝ առաջին անգամ հասցեական քննադատություն հնչեցնելով հրադադարի ռեժիմը խախտող ու սադրանքների դիմող Ադրբեջանի հասցեին: Դրանում, մասնավորապես, ասվում է. «Տարբեր վստահելի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, մայիսի 15-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի ուղղությամբ հրթիռ է արձակել՝ հարվածելով ռազմական տեխնիկային»: