26 հունիսի 2017 - 17:55 AMT
Ալ Կապոնեի նյույորքյան տունը վաճառվում է $2,85 մլն-ով

Նյույորքյան Բրուքլին թաղամասում գտնվող տունը, որը ժամանակին պատկանել է Ալ Կապոնեին (1899-1947), վաճառքի է հանվել $2,85 միլիոնով: Այդ տանը գանգստեր Ալֆոնսո Գաբրիել Կապոնեն ապրել է 1920-ականների սկզբին մինչև Չիկագո տեղափոխվելը:

Douglas Elliman ընկերության գործակալ Բրեն Սալոմոնը հայտնել է, որ տունը վերակառուցման է ենթարկվել և այժմ ոչինչ չի հիշեցնում նախկին տիրոջ մասին, գրում է ՏԱՍՍ-ը New York Post-ի վրա հղումով:

Շենքի ճակատային մասը ոչնչով աչքի չի ընկնում, սակայն ներքին հարդարանքը կարող է բավարարել ամենաբարձրաճաշակ պահանջները: Տանը 3 ճոխ ննջարան կա առանձին հարմարություններով, ընդարձակ հյուրասենյակ սննդի պատրաստման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով, կա նաև փոքր այգի և օժանդակ տարածքներ:

Առավել խորը պատկերացում Ալ Կապոնեի մասին կարելի է ստանալ՝ այցելելով Կազմակերպված հանցավորության և իրավապահ մարմինների ազգային թանգարան, որը բացվել է 2012-ին Լաս Վեգասում: Ցուցահանդեսի նախապատրաստման համար պահանջվել է 5 տարվա աշխատանք և $42 մլն:

Թանգարանի ցուցանմուշներից է փամփուշտներով խոցված աղյուսը, 1929-ին այդ փամփուշտներով 7 գանգստեր սպանվեց Չիկագոյի մրցակից կլանից: Այսպես կոչված Սբ Վալենտինի օրվա սպանդը փաստացի թույլ տվեց Կապոնեին միանձնյա հսկողություն հաստատել քաղաքում և արվարձաններում ալկոհոլի ընդհատակյա արտադրության ոլորտում: Սակայն ոստիկանությունն այդպես էլ բավարար քանակի հանցանշաններ չհավաքեց գործը դատարան փոխանցելու համար: