27 հունիսի 2017 - 10:18 AMT
Սևանում վրանային բիզնես ֆորում կանցկացվի

Հուլիսի 24-ից 31-ը Սևանում տեղի կունենա «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» վրանային բիզնես ֆորումը, որը թվով երկրորդն է։ Մասնակցության հայտերի ընդունումը տևեց մոտ 2 ամիս և ավարտվեց հունիսի 20-ին: Սամմիթին մասնակցելու համար դիմել է 309 թիմ, որից ընտրվելու է 100-ը՝ 70 ստարտափ և 30 ծրագրավորողի թիմ։ Ընդհանուր դիմողների թիվը հասնում է 3000-ի, որոնցից միայն 1000-ը կդառնան սամմիթի մասնակից: Բոլոր թիմերը կհրավիրվեն հարցազրույցի և կընտրվեն լավագույնները։

«Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի կազմակերպիչները տեղեկացնում են, որ նախապատրաստական աշխատանքները կսկսվեն հուլիսի 1-ից։ Սամմիթի կազմակերպիչների և կամավորների աշխատանքի շնորհիվ, մինչև հուլիսի 24-ը ստարտափ ճամբարը կգա իր վերջնական տեսքին։ Ամբողջ միջոցառման ընթացքում կազմակերպիչներին կօգնի 200 կամավոր, որոնց հայտերի քանակը հասնում է 1500-ի։ Սամմիթի մշտական մասնակիցների ցանկում ընդգրկած են նաև լրագրողներ և լուսանկարիչներ։

Ունենալով մեծ քանակով մասնակիցներ՝ ընդլայնվել է նաև կրթական ծրագիրը։ Սամմիթի 7 օրվա ընթացքում լինելու է 10 դասախոսություն և 30 Campfire talk, որոնց ընթացքում հաջողակ բիզնեսմենները կպատմեն իրենց հաջողության ճանապարհի մասին խարույկի շուրջ։ Ստարտափներին ուղղորդելու նպատակով սամմիթի տարածքում մշտապես կլինի 20 մենթոր, ովքեր կօգնեն բոլոր առաջացած խնդիրներում։

Հայաստանում առաջին անգամ կանցակցվի Camp Fire Pitch business stage և early stage ստարտափների համար, որին կմասնկացի մոտ 20 ներդրող Հայատանից և արտերկրից։ Այսպիսի ձևաչափը կնպաստի արտասահմանյան ներդրողներին հայկական շուկա ներգրավելու հարցում։

«Սևան Ստարտափ Սամմիթ» վրանային բիզնես ֆորումը առաջին անգամ անցկացվել է 2016-ին և այս տարի ընդլայնել է մասշտաբները ավելի քան երեք անգամ։ Համակազմակերպիչները վստահ են, որ սամմիթը կլինի շարունակական և ամեն տարի կլինի ավելի հագեցած ծրագրով։