27 հունիսի 2017 - 11:10 AMT
Լավագույնները կհամալրեն «Ռոստելեկոմի» շարքերը. Մեկնարկել է «Նոր հնարավորություններ ուսանողների համար» նախագիծը

Մանրածախ վաճառք, հասարակայնության հետ կապ, ցանցի պլանավորում, մարքեթինգ, բիզնես գործընթացների կառավարում և այլ բաժիններ ու ստորաբաժանումներ համալրել են իրենց աշխատակազմը «Ռոստելեկոմ»-ի «Նոր հնարավորություններ ուսանողների համար» նախագծի ուսանողներով՝ հնարավորություն տալով երիտասարդներին սկսելու աշխատանքային կարիերան ոլորտի առաջատար ընկերությունում։

Այս տարի ևս Հայաստանի 8 բուհից 22 ուսանողներ մասնակցում են «Ռոստելեկոմ» ընկերության կազմակերպած «Նոր հնարավորություններ ուսանողների համար» նախագծին, որն իրականացվում է արդեն երրորդ անգամ։ Ծրագիրն ուսանողներին հնարավորություն է տալիս ծանոթանալու Հայաստանում «Ռոստելեկոմ»-ի գործունեությանը, անցնելու ինտերակտիվ ուսուցում 12 թեմայի շուրջ, ինչպես նաև աշխատանքի հրավեր ստանալու ընկերությունում:

GNC-ALFA ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար Անի Գրիգորյանը PanARMENIAN.Net-ին տեղեկացրեց, որ ուսուցման ծրագրում ընդգրկված է թեմաների բավականին լայն շրջանակ՝ սկսած հաղորդակցությունից, մարքեթինգից, բրենդինգից, իրավական ձևակերպումներից, վաճառքների հմտություններից մինչև օպտիկա և ցանցային լուծումներ: Ուսուցման գործընթացն անցկացվում է «Ռոստելեկոմի» կառուցվածքային ստորաբաժանումների մասնագետների կողմից, ընդ որում՝ կրթական պրոցեսում ուսանողներին տրվում են ընդհանուր համապարփակ գիտելիքներ տվյալ թեմայի շուրջ:

«Ուսուցման ընթացքում ուսանողները հնարավորություն են ունենում իրենց լուծումներն ու առաջարկները ներկայացնելու «Ռոստելեկոմի» գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ, մասնակցելու մի շարք թիմային մրցույթների, ձեռք բերելու նոր ընկերներ ինչպես ծրագրի մասնակիցների, այնպես էլ «Ռոստելեկոմ» Հայաստանի անձնակազմի շրջանում: Ուսուցման պրոցեսում ուսանողը ընկերության կողմից չի ուղղորդվում որևիցե թեմա ընտրելու հարցում, նա ազատ է ընտրել ցանկացած ուղղություն՝ իր գիտելիքները խորացնելու համար»,- ասաց Անի Գրիգորյանը:

Ուսուցման ընթացքում մասնակից ուսանողների շրջանում անցկացվում են նաև մրցույթներ իրենց դասավանդված թեմաների շուրջ: Օրինակ, ուսանողները ներկայացնում են իրենց սեփական ընկերությունը, թե ինչ ծառայություններ է մատուցելու, գաղափարախոսությունը, կառուցվածքը, արժեքային համակարգը և այլն:

Անցկացվելու են նաև բլից հարցումներ՝ կրկին դասավանդված թեմաների շուրջ. մրցույթները, ըստ Անի Գրիգորյանի, թույլ են տալիս գտնել ոչ ստանդարտ մտածողություն և գիտելիքներ ունեցող մասնակիցներին:

«Ծրագրի ավարտին մրցութային փուլում հաղթող ճանաչված մասնակիցը հնարավորություն կստանա եռամսյա վարձատրվող ուսուցում անցնելու իր նախընտրած ստորաբաժանման կազմում, իսկ ուսուցման ընթացքում դրական արդյունքներ արձանագրելու դեպքում՝ համալրելու «Ռոստելեկոմ» Հայաստանի անձնակազմի շարքերը: Կրեատիվ մտածողությամբ, ճկունությամբ, թիմային ոգով, գիտելիքներով, արագ կողմնորոշվելու ունակությամբ աչքի ընկած ուսանողներին, ինչպես և նախորդ տարիներին, ևս կընձեռնվի ընկերության անձնակազմը համալրելու հնարավորություն: Հարկ է նշել, որ բոլոր մասնակիցները կգրանցվեն ընկերության աշխատակիցների ռեզերվում՝ որպես հնարավոր թափուր հաստիքների համալրման առաջնահերթ թեկնածուներ»,- հավելեց նա:

Նախորդ տարիներին իրականացված ծրագրերի արդյունքում «Ռոստելեկոմ» աշխատանքի է ընդունվել 6 երիտասարդներ՝ յուրաքանչյուր տարի՝ 3-ական ուսանող: