27 հունիսի 2017 - 14:52 AMT
Կատարում ԱԱ-ի վերաբերյալ քվեարկությունից առաջ ՖԻՖԱ անդամի 10-ամյա աղջկա հաշվին $2 մլն է փոխանցվել

Մինչև 2022 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Կատարում անցկացնելու որոշման ընդունումը ՖԻՖԱ-ի կոմիտեի անդամներից մեկի 10-ամյա աղջկա հաշվին $2 մլն է փոխանցվել: Այս մասին ասվում է ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի անդամ Մայքլ Գարսիայի հրապարակած 400 էջանոց զեկույցում, Bild-ին հղումով հաղորդում է Championat.com-ը:

Բացի այդ, ՖԻՖԱ-ի կոմիտեի մեկ այլ անդամ էլ Կատարի ֆուտբոլի ֆեդերացիային շնորհալակություն է հայտնել մի քանի հարյուր հազար եվրոյի փոխանցման համար: Պարբերականը Գարսիայի զեկույցին հղումով նաև պնդում է, որ կոմիտեի ևս 3 անդամ քվերակության նախօրեին Կատարի ֆուտբոլի ֆեդերացիային պատկանող անձնական ինքնաթիռով մեկնել են Ռիո դե Ժանեյրո:

ՖԻՖԱ-ն Գարսիայի զեկույցի հիման վրա սեփական հետաքննությունն է անցկացրել, սակայն Ռուսաստանում և Կատարում, համապատասխանաբար՝ 2018 և 2022 թվականներին ֆուտբոլի ԱԱ-ի կազմակերպման չեղարկման համար բավարար ապացույցներ չի գտել: Ի պատասխան Գարսիան 2014-ի դեկտեմբերին հրաժարական տվեց: