27 հունիսի 2017 - 12:57 AMT
ՊԵԿ նախագահ. «Ես չգիտեմ՝ մանր ձուկ, խոշոր ձուկ՝ ինչ նկատի ունեք»

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, անդրադառնալով ՊԵԿ աշխատակիցների ձերբակալություններին, նշել է, որ դա նորմալ երևույթ է. «Եթե որևէ մեկը իր աշխատանքի ընթացքում խախտում է իր լիազորությունները, բնական է, որ ՀՀ գործող օրենքների շրջանակում պետք է պատասխան տա»:

Այն դիտարկմանը, թե, այսպես կոչված, մանր ձկներին են ձերբակալում, նա պատասխանեց. «Ես չգիտեմ՝ մանր ձուկ, խոշոր ձուկ՝ ինչ նկատի ունեք», գրում էA1plus.am-ը:

Նա հավելել է. «Կրճատումների արդյունքում ես չեմ բացառում, որ լինեն սուբյեկտիվ մոտեցումներ, որովհետև մեկ ամսվա մեջ ամբողջ աշխատանքներն իրականացնելու համար, իհարկե, դժվար է եղել: Այն աշխատակիցները, որոնք բարեխիղճ աշխատել են և միգուցե դուրս են մնացել աշխատանքից, մեր տեսադաշտից դուրս չեն մնա։ Ինչ վերաբերում է խոշոր տնտեսվարղներին ստվերից դուրս բերելուն, ապա, վստահեցնում եմ, որ ամեն օր աշխատում ենք։ Իսկ «Քեթրին գրուպ»-ում ստուգումներ կատարվում են։ «Քեթրին գրուպը» տնտեսվարող սուբյեկտ է և եթե այստեղ առաջանա ցանկացած խնդիր, բնական է` կլինեն ստուգումներ»:

Հարցին, թե կա արդյոք մի խոշոր ընկերություն, որը երկար տարիներ գործել է ստվերի դաշտում և ՊԵԿ գործունեության արդյունքում դուրս է բերվել ստվերից, Հարությունյանը պատասխանել է. «Եթե իմ վերջին ամսվա գործունեությունը տեսել եք, ապա մենք երբեք մեր հաջողությունները չենք հանրայնացրել և բարձրաձայնել, դրա համար թույլ տվեք այդ հարցին չպատասխանել։

Կարող ենք արձանագրել, որ հարկային եկամուտների աճ կա, և կարող եք փաստել, որ կա առաջընթաց: Հարկային գաղտնիք կա: Ցանկացած տնտեսվարող իր աշխատանքի ընթացքում կարող է թույլ տալ սխալ: Ստուգման ընթացքում այդ սխալները ի հայտ են գալիս և շտկվում են, որի արդյունքում պետբյուջե տուգանքի պատճառով գումարներ են վճարվել»:

Վարդան Հարությունյանը մայիսի 27-ին տեղեկացրել է, որ ՊԵԿ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում հունվարի 1-ից մինչ օրս աշխատանքից ազատվել են 200-ից ավելի աշխատակից:

Ադրբեջանական խնձորի գործով մի քանի մաքսային տեսուչ է ձերբակալվել: