27 հունիսի 2017 - 13:12 AMT
Հունիսի 27-ին ԵԽԽՎ-ն կքննարկի նախագահ Ագրամունտի իմպիչմենտի մասին բանաձևը

Հունիսի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կքննարկվի «Վեհաժողովում պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ու իրացումը» բանաձևի նախագիծը, որը ներկայացնում է շվեյցարացի պատգամավոր Լիլիան Մորի Պասկիեն, ով նաև ՀՀ խորհրդարանական ընտրություններում ԵԽ դիտորդական առաքելության ղեկավարն էր։

Այս բանաձևի նպատակն է փոփոխություններ կատարել ԵԽԽՎ Կանոնակարգում ու նրանում ներառել նաև ԵԽԽՎ նախագահի իմպիչմենտի հնարավորությունը, որը ներկայումս բացակայում է։ Բանաձևի ընդունումը հնարավորություն կտա հեռացնել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին նախագահի պաշտոնից։

Ներկայումս նախագահը պաշտոնից կարող է հեռանալ միայն կամավոր հրաժարականի միջոցով, ինչը, ինչպես հայտնի է, Պեդրո Ագրամունտը հրաժարվում է անել արդեն մի քանի ամիս։

Բանաձևի նախագծում ասվում է, որ վեհաժողովի անդամները պարտավոր են լինել պատասխանատու ու պահպանեն հատկապես էթիկայի կանոնները։ ԵԽԽՎ Կանոնակարգի, անձեռնմխելիության և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովը գտնում է, որ անհրաժեշտ է առավել խստացնել պահանջները ԵԽԽՎ նախագահի և մյուս ընտրովի պաշտոնների համար, գրում է Panorama.am-ը:

Բանաձևի ընդունմամբ ԵԽԽՎ Կանոնակարգում կատարված փոփոխությունից հետո վեհաժողովում ներկայացվում է կոնկրետ պաշտոնյային հեռացնելու վերաբերյալ առաջարկ, որը հրապարակվում է 24 ժամվա ընթացքում։ Պաշտոնյայի իմպիչմենտի առաջարկը դրվում է վեհաժողովում քվեարկության՝ հրապարակումից 24 ժամվա ընթացքում։ Պաշտոնյայի իմպիչմենտը կկատարվի էլեկտրոնային քվեարկությամբ ու այն ընդունված կհամարվի, եթե ստանա ձայների երկու-երրորդի հավանությունը։

2016-ի դեկտեմբերին Եվրոպական կայունության նախաձեռնությունը (European Stability Initiative) հրապարակել է իր «Խավիարային դիվանագիտություն». Եվրոպական ճահիճ» հետազոտության երկրորդ մասը: Հետազոտության մեջ բացահայտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող կոռուպցիոն սխեմաները, որոնք տանում են մինչև ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտը:

Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին, ով ներկայումս գտնվում է հետաքննության տակ է, մեղադրել է Ագրամունտին Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը ԵԽԽՎ-ում տապալելու գործում դերակատարություն ունենալու համար Ադրբեջանի կառավարությունից 2 միլիոն 390 հազար եվրոյի կաշառք ստանալու մեջ։

Կարդացեք նաև՝Ագրամունտին արգելել են հայտարարություններ անել ԵԽԽՎ անունից