27 հունիսի 2017 - 13:23 AMT
Շուշիում սկաուտներ են հավաքվելու

Հուլիսի 3-ից Արցախի «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Շուշիում մեկնարկելու է «Հայորդիներ» սկաուտական VIII բանակումը. այն տևելու է մինչև օգոստոսի 10-ը:

«Հայկի Սերունդ» ՀԿ արտաքին կապերի գծով փոխնախագահ Երվանդ Հաջիյանն ասել է, որ պատանիների և երիտասարդների դաստիարակությանն ուղղված այս ամենամյա միջոցառումը նախատեսված է անցկացնել չորս փուլով. յուրաքանչյուր փուլ կտևի 9 օր:

«Առաջին երեք փուլերում ընդգրկվելու են Ստեփանակերտի և Արցախի շրջանների պատանիներ և երիտասարդներ: Իսկ օգոստոսի 2-10-ն՝ մասնակցելու են նաև Հայաստանից և սփյուռքից ժամանած սկաուտներ։

սկաուտական բանակումի ընթացքում նախատեսվում է կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ՝ սեմինարներ, մարզական և իմացական խաղեր, մրցույթներ, խարույկահանդես, մշակութային երեկոներ, հանդիպումներ հայտնի մարդկանց հետ, արշավներ և այլն: Միջոցառման նպատակն է՝ խթանել Արցախում «Հայորդիներ» սկաուտական շարժման զարգացմանն ու տարածմանը, նպաստել աճող սերնդի հայեցի դաստիարակությանը, ինչպես նաև Շուշին դարձնել համահայկական և միջազգային երիտասարդության հավաքատեղի»,-մանրամասնել է Հաջիյանը, մեջբերում է Արցախպրեսը:

«Հայորդիներ» սկաուտական բանակումներն Արցախում իրականացվում են 2010-ից: