27 հունիսի 2017 - 14:37 AMT
Սեֆիլյանի գործով պաշտպաններ Հայրապետյանի ու Պապիկյանի հանդեպ ևս դատական սանկցիա է կիրառվել

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 27-ին քննվող Ժիրայր Սեֆիլյանի գործով պաշտպաններ Տիգրան Հայրապետյանի ու Արայիկ Պապիկյանի հանդեպ ևս կիրառվել է դատական սանկցիա: Այս մասին հայտարարել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանը` վերադառնալով խորհրդակցական սենյակից:

Դատավորը դիմելու է Փաստաբանների պալատ, գրում է Aysor.am-ը:

Ավելի վաղ պաշտպան Տիգրան Եգորյանի հանդեպ էր կիրառվել դատական սանկցիա:

Ինչ վերաբերում է Պապիկյանին և Հայրապետյանին, վերջիններս հրաժարվել էին դատարան մտնելուց առաջ անձնական զննությունից` այն որակելով որպես խուզարկություն, քանի որ կարգադրիչները պահանջել էին, որ պաշտպանները բացեն նաև իրենց դրամապանակները:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 27-ին մեկնարկել է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի հանդեպ սանկցիա է կիրառել՝ հեռացնելով նիստերի դահլիճից, քանի որ իր գալուն պես նրանք ոտքի չէին կանգնել:

Դատական նիստն ընդմիջվել է՝ մինչև ժամը 15:00-ն: