27 հունիսի 2017 - 16:55 AMT
Բնական պաշարների կառավարումը, պարենային անվտանգությունը՝ ԱԱԽ նիստի օրակարգում

Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին հրավիրել է ԱԱԽ նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ԱԱԽ 2017թ. գործունեության ծրագրից բխող հարցեր:

Խորհրդի անդամների քննարկմանն են ներկայացվել, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում բնական պաշարների կառավարման հայեցակարգի նախագիծը և երկրում պարենային անվտանգության վիճակի ու դրա հետագա բարելավման հիմնախնդիրները:

Խորհրդի անդամները հավանություն են տվել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետությունում բնական պաշարների կառավարման հայեցակարգի նախագծին: Հայեցակարգի մշակումը նպատակաուղղված է օգտակար հանածոների, հողերի, անտառների, ջրային պաշարների օգտագործման և պահպանության, կենսաբազմազանության ապահովման ոլորտի պետական քաղաքականության հայեցակարգային վերանայմանը և ժամանակակից պահանջներին համահունչ գերակայությունների սահմանմանը:

Հայաստանի Հանրապետությունում բնական պաշարների կառավարման հայեցակարգի նախագիծը մշակվել էր 2016-ից:փաստաթղթով փորձ կարվի բարձրացնել Հայաստանի բնական պաշարների կառավարման արդյունավետությունը։

Օրակարգի հաջորդ հարցի՝ երկրում պարենային անվտանգության վիճակի ու դրա հետագա բարելավման հիմնախնդիրների մասին զեկուցել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Խորհրդի անդամների քննարկմանն են ներկայացվել նաև հիշյալ հարցի համազեկուցողներ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի զեկույցները:

Հանձնարարվել է նաև միջոցներ ձեռնարկել հակակարկտային և բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելմանն ուղղված արդյունավետ միջոցների ներդրման ուղղությամբ, ինչպես նաև միջազգային փորձը հաշվի առնելով՝ երկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել նվազագույն պարենային զամբյուղի կազմի, կառուցվածքի և էներգետիկ արժեքի որոշման մեթոդաբանության քննարկման և «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նպատակահարմարության վերաբերյալ, միջոցներ ձեռնարկել նաև գյուղատնտեսության բնագավառում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրի իրականացման ակտիվացման ուղղությամբ:

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների և հայկական համայնքների վրա դրանց ազդեցության մասին արտգործնախարարի տեղեկատվությունը լսելուց հետո Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի համար, անշուշտ, առաջնահերթ մտահոգության պատճառ են հանդիսանում այնտեղ գտնվող հոծ հայկական համայնքները, նրանց մշակութային ու կրթական կենտրոնները, հայ ժողովրդի համար նվիրական նշանակություն ունեցող իր կրոնական ու պատմական ժառանգությունը: