27 հունիսի 2017 - 17:53 AMT
Գորիսի թթի փառատոնը՝ հուլիսի 1-ին. Օղի կթորեն, դոշաբ ու տոլմա կպատրաստեն

Գորիսի Քարահունջ համայնքում հուլիսի 1-ին չորրորդ անգամ կանցկացվի Թթի փառատոն:

«Այն ունի բոլոր հնարավորություններն ամենահայտնիներից մեկը դառնալու համար»,- նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։

«Արենի» փառատոն» հիմնադրմի տնօրեն Նունե Մանուկյանը հավելել է, որ փառատոնի մեկնարկը տրվելու է մրցութային թութ թափ տալու արարողությամբ և փառատոնին ներկա են լինելու Սյունիքի մարզի բոլոր համայնքները, որոնք կներկայացնեն իրենց բերք ու բարիքը:

Փառատոնի ընթացքում սպասվում է Սյունյաց աշխարհի բերքուբարիքի, ավանդույթների, ծեսերի, ժամանցի, մրցույթների ու Սյունիքին բնորոշ ճաշատեսակների բազմազանություն։ Փառատոնի շրջանակներում կկազմակերպվի օղու թորում, դոշաբի և տոլմայի (Master Class) պատրաստում, Սյունյաց աշխարհին բնորոշ հատուկ կերակրատեսակների և ուտեստների համտես-վաճառք:

Փառատոնի ընթացքում կհնչի հայկական ավանդական և ժամանակակից երգ ու երաժշտություն:

«Սյունյանց ավանդույթներ․ թութ» խորագրով փառատոնը կազմակերպում է «Արենի» Փառատոն» հիմնադրամը Գորիսի քաղաքապետարանի հետ համատեղ` ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարարության Զբոսաշրջության պետական Կոմիտեի աջակցությամբ։

Փառատոնն առաջին անգամ կազմակեպվել է 2014թ.-ին Գորիս քաղաքում և արդեն 4-րդ տարին անընդմեջ մեկ գաղափարի շուրջ հավաքում է Սյունիքի և Հայաստանի բոլոր այլ մարզերի բնակիչներին: