27 հունիսի 2017 - 18:36 AMT
Խոզերի գենետիկական կենտրոններ՝ Կոտայքում. Ֆերմերային տնտեսությունները կզարգանան

Կոտայքի մարզում բացվել են Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման և Խոզերի գենետիկական կենտրոններ:

Բացմանը մասնակցել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Ավստրիայի և ԱՄՆ-ի կառավարություններին՝ ցուցաբերած աջակցության համար` համոզմունք հայտնելով, որ ներդրումները կլինեն շարունակական, ինչպես նաև առանձնահատուկ շեշտադրել է CARD հիմնադրամի գործունեությունը` որպես գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաներ և նոր խոսք բերող կազմակերպություն` պատրաստակամություն հայտնելով զարգացնել համագործակցությունը:

ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Դեբորա Բրիզերը, կարևորելով տարածաշրջանում եզակի գենետիկ կենտրոնների բացումը, իր հերթին նշել է, որ դրանք նոր տեխնոլոգիաների հետ կապված ծառայություններ են մատուցելու ֆերմերներին և ձեռնարկատերերին, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներ են տրամադրելու ֆերմերներին, ձեռնարկատերերին և անասնաբույժներին՝ դասընթացներ անցկացնելով նաև հարակից համայնքների 2500 ֆերմերի համար:

Կենտրոնի գործունեության շրջանակում հասանելի է լինելու նաև լիզինգային վարկավորման ծառայությունը, որին ներգրավվելու է 3000 տնտեսություն: Դեբորա Բրիզերն ընդգծել է, որ նմանատիպ կենտրոնը հնարավորություն է տալիս ռեսուրսների վրա հիմնված ծառայություններից անցում կատարել տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայությունների, ինչը կապահովի տնտեսական աճ և եկամուտ:

Ներկայացնելով նորաբաց կենտրոնների առավելությունները՝ CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը հավելել է, որ հիմնական նպատակը եղել է ոլորտի նորարարությունները Հայաստանում խոզաբուծությամբ զբաղվող տնտեսությունների համար հասանելի դարձնելը: Գենետիկական այդ նորամուծությունները հնարավորություն կտան ավելացնել խոզերի ծինը, ստանալ առավել առողջ և դիմացկուն գոճիներ, բարձրացնել խոզերի մթերատվությունը, ինչը կապահովի ֆերմերային տնտեսությունների կայուն աճ և շուկայում մսի գնի իջեցում:

Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնը (ԳԱՍԿ) հիմնվել է CARD հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակներում:

Խոզերի գենետիկական կենտրոնը հիմնել է CARD հիմնադրամը՝ «Կենդանիների առողջության կառավարում Հայաստանում և Վրաստանում. փուլ II» ծրագրի շրջանակներում՝ Ավստրիայի զարգացման գործակալության (ADA) ֆինանսավորմամբ: