28 հունիսի 2017 - 10:58 AMT
Գյումրիի բրենդ է մշակվում

Գյումրի քաղաքի համար բրենդ են մշակում: Deem Communications PR և մարքեթինգային ընկերությունը որպես ներդրում նախաձեռնել է Գյումրիի բրենդի մշակման և առաջխաղացման ծրագիրը՝ համագործակցելով Գյումրիի համայնքապետարանի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի հետ:

Հունիսի 27-ին ծրագրի ղեկավար, Deem Communications ընկերության ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը և Գյումրիի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը պաշտոնապես հայտարարել են ծրագրի մեկնարկը:

Միջոցառմանը ներկա էին նաև Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Գյումրու համայնքապետարանի այլ ներկայացուցիչներ, ծրագրի աջակիցներ:

Գյումրու ինքնությունը հասկանալու և արտացոլելու համար՝ Deem Communications-ը նախաձեռնել է քննարկումների շարք, հանրային հարցումներ ու ուսումնասիրություններ քաղաքի պատմամշակութային ժառանգության, տնտեսության, բիզնես միջավայրի և այլ ոլորտների վերաբերյալ, որոնք հիմք կծառայեն բրենդի մշակման համար: Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կազմված Գյումրիի զարգացման ծրագրերում և նախագծերում ներգրավված փորձագետներից, մշակութային, տնտեսական և բիզնես ոլորտների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

«Մեր նպատակն է խթանել Գյումրու տնտեսական զարգացումը, որպեսզի այն դառնա կենսունակ շուկա բոլորիս համար՝ իր հարուստ մշակույթի, ավանդական ու նոր ոլորտների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ու նորարարության միջոցով: Մեզ ոգեշնչում է գյումրեցիների հաստատակամությունն ու տոկունությունը, հետևաբար մենք և մեր գործընկերները ցանկանում ենք նպաստել այս քաղաքի վերածննդին»,- նշում է ծրագրի ղեկավար, DEEM-ի ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը:

Ծրագրի ավարտը նախատեսվել է 2017-ի դեկտեմբերին: Ծրագիրն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում կամփոփվեն իրականացվող ուսումնասիրությունների արդյունքները, իսկ երկրորդ փուլում կմշակվի Գյումրու բրենդը, որը կներկայացվի դեկտեմբերին:

Կարդացեք նաև՝ ՀՀ ազգային բրենդի ստեղծման առանձնահատկությունները. «Պատմությունն այնպես էլ չսկսվեց»

Զարմինե Զեյթունցյան. Պետք չէ Հայաստանը զբոսաշրջիկներին ներկայացնել որպես ծանր անցյալ ունեցող երկիր