12 հուլիսի 2017 - 15:39 AMT
ՀՀ պատանի մարզիկները հանդես կգան Օլիմպիական փառատոնի 6 մարզաձևում

Հուլիսի 22-30-ը պատանի մարզիկները Հունգարիայի Գյոռ քաղաքում կմասնակցեն Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին:

Մոտ 50 երկրի մարզիկներ կպայքարեն 10 մարզաձևում` թենիս, հեծանվային սպորտ, լող, ձյուդո, աթլետիկա, սպորտային մարմնամարզություն, վոլեյբոլ, բասկետբոլ, հանդբոլ և կանոե: Հայ պատանիները հանդես կգան դրանցից վեցում, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին կմասնակցեն Յուրի Մարտիրոսյանը, Արթուր Սողոյանը, Էվելինա Մարտիրոսյանը, Եվա Խաչատրյանը (բոլորը` թենիս), Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը, Հենրիկ Երանոսյանը (երեքն էլ` հեծանվսապորտ), Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը (երկուսն էլ` լող), Արտյոմ Ղալաչյանը, Սամվել Գևորգյանը, Արսեն Ավեդիսյանը, Ռոբերտ Թորոսյանը, Նունե Նազարյանը (բոլորը` ձյուդո), Դավիթ Սարգսյանը (աթլետիկա), Ժորա Սմբատյանն ու Անահիտ Ասադուրյանը (երկուսն էլ` մարմնամարզություն):

Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ սպորտի և միջազգային կապերի վարչության պետ Գագիկ Բոլշիկյանն է.

«Հայ մարզիկները բազմիցս մասնակցել են օլիմպիական փառատոններին և լավ են հանդես եկել: Հուսանք, որ այս տարի ևս մեր պատանիները պատվով կներկայացնեն Հայաստանը»:

2015-ին Թբիլիսիում անցկացվածԵվրոպայի պատանեկան օլիմպիական ամառային փառատոնին ՀՀ մարզիկները ելույթ են ունեցել 6 մարզաձևում: 23 պատվիրակ ՀՀ-ն է ներկայացրել հեծանվային սպորտ, թենիս, ձյուդո, սպորտային մարմնամարզություն, աթլետիկա և լող մարզաձևերում: