13 հուլիսի 2017 - 13:08 AMT
Արցախի նախագահը կընտրվի հուլիսի 19-ին. 2 թեկնածու կա

Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրությունը տեղի կունենա Ազգային ժողովի հատուկ նիստում, որն իրավունքի ուժով կգումարվի 2017 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 11.00-ին՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության նախագահի ընտրության համար Սահմանադրությամբ նախատեսված ժամկետները և «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները:

Հայտարարությունում ասվում է, որ սահմանված կարգով և ժամկետներում՝ հուլիսի 5-12-ը ներառյալ, նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է 2 թեկնածու՝ Էդուարդ Արտավազդի Աղաբեկյանը («Շարժում -88» խմբակցության կողմից), Բակո Սահակի Սահակյանը («Հայրենիք», «Դաշնակցություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունների կողմից), հայտնում է Արցախպրեսը:

Հայտարարության մեջ ասվում է նաև. «Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 40 օր առաջ Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բակո Սահակյանին երրորդ նախագահական ժամկետի կառաջադրեն:

Բակո Սահակյանը ստանձնել է Արցախի նախագահի պաշտոնը 2007-ին, վերընտրվել՝ 2012-ին: ԼՂՀ-ում կայացած սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի անուղղակի ընտրություններ՝ խորհրդարանի քվեարկությամբ, 2017-2020թթ. ժամանակաշրջանի համար: 2020թ.-ից ընտրությունները կրկին ուղղակի են լինելու և անցկացնվելու են խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ: