17 հուլիսի 2017 - 13:45 AMT
ՊՆ-ի ծախսերն ամեն տարի կավելանան 26-27 մլրդ դրամով

2017-ի բյուջեով պաշտպանության նախարարության ծախսերը, ներառյալ նաև կապիտալ ծախսերը, մոտ 226 միլիարդ դրամ են կազմում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողների հետ հանդիպմանը:

«Նախատեսում ենք յուրաքանչյուր տարի ծախսերն ավելացնել 26-27 միլիարդ դրամով (ըստ ընթացիկ փոխարժեքի՝ մոտ 54 մլն դոլար): Դա կլինի ՀՆԱ-ի 4 տոկոսի պայմաններում», -ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը։

Նախարարն անդրադարձել է այն հանգամանքին, թե որքանով է պետբյուջեից ՊՆ-ին արվող հատկացումների ավելացումը պայմանավորված ապրիլյան պատերազմով:

«Անկախ նրանից, ապրիլյան պատերազմը կլիներ, թե ոչ, մենք մշտապես այդպիսի ռիսկ ունենք: Այդ ռիսկը միայն ապրիլյան պատերազմից առաջ կամ հետո չի եղել. 1994 թվականի հրադադարից այս կողմ միշտ էլ այդ ռիսկը եղել է: Դրա համար, մենք մշտապես մեծ շեշտադրում ենք կատարել պաշտպանական նպատակներով ուղղվող ծախսերի գերակայությանը, որովհետև պետք է ռազմական բալանսը պահել, ինչն էլ որոշակիորեն պահում է խաղաղության գործոնը»,-ասել է Արամյանը։

ՀՀ պետբյուջեից պաշտպանությանն ուղղվող ծախսերը 2017-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 21.7%-ով՝ հասնելով 11.6 միլիարդ դրամի: 2016-ի հունվարին պաշտպանական ծախսերին ուղղվել էր 9.5 միլիարդ դրամ:

ՀՀ 2016-ի ռազմական բյուջեն կազմում է 208.014.971.000 դրամ, որից, մասնավորապես՝ռազմական պաշտպանության մասով՝ 200.352.639.300 դրամ,արտաքին ռազմական օգնությանը՝ 169.024.600 դրամ: