24 հուլիսի 2017 - 13:39 AMT
Բրիտանացիները խորտակված նացիստական նավում 4 տոննա ոսկի են հայտնաբերել

Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհայինի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել, որը կարող էր նացիստներին պատկանել:

Advanced Marine Services ընկերությունը SS Minden նավում 4 տոննա ոսկի է հայտնաբերել, որը, հավանաբար, վերցվել է հարավամերիկյան բանկերից, գրում է ՌԻԱ Նովոստին Daily Mail-ի վրա հղումով:

Ըստ պարբերականի, նավը Բրազիլիայից Գերմանիա էր ուղևորվում և խորտակվել է Իսլանդիայի ափերից մոտ 190 կմ հեռավորության վրա 1939-ի սեպտեմբերին: Հիտլերը հրամայել է խորտակել նավը, երբ այն նկատել է Մեծ Բրիտանիայի նավատորմը:

Advanced Marine Services-ը դիմել է Իսլանդիայի կառավարությանը՝ նավում անցք անելու և արկղը հանելու թույլտվություն ստանալու համար: Ինչպես նշում է The Sun պարբերականը, ընկերությունը ցանկանում է ոսկին Բրիտանիա տանել: Գտածոյի արժեքը հասնում է մոտ 100 մլն ֆունտի:

Ավելի վաղ Իսլանդիայի առափնյա պարեկային ծառայությունը մեղադրել էր խմբի անդամներին առանց տեղական իշխանությունների թույլտվության նավի բեկորներ որոնելու մեջ: