25 հուլիսի 2017 - 11:07 AMT
Linkin Park-ը հրաժեշտ է տվել իր մենակատարին. «Քեզանից հետո ամայություն է»

Linkin Park խումբը հրաժեշտի խոսք է ասել ի հիշատակ խմբի մենակատար Չեսթեր Բենինգթոնի:

«Սիրելի Չեսթեր, դու կոտրեցիր մեր սրտերը: Քեզանից հետո միայն ամայություն է, որն անհնար է լրացնել՝ մեզանից հեռացավ խելահեղ, ուրախ, հավակնոտ, կրեատիվ, բարի ու մեծահոգի ձայնը»,-ասվում է խմբի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հուլիսի 24-ին:

Խմբի անդամները նշել են, որ Բենինգթոնն առանց վարանելու ի ցույց էր դնում իրեն տանջող «չարքերին՝ և դա անելով հավաքում էր բոլորին և սովորեցնում ավելի մարդկային լինել»,-ասվում է խմբի խոսքում, որն ավարտվում է հետևյալ բառերով. «Մենք սիրում և կարոտում ենք քեզ: Մինչ նոր հանդիպում, LP», գրում է Deutsche Welle-ն:

Linkin Park խմբի մենակատար 41-ամյա Չեսթեր Բենինգթոնը հուլիսի 20-ին ն մահացած է հայտնաբերվել Կալիֆորնիայի Պալոս Վերդեսում գտնվող իր տանը: Բենինգթոնի ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ Linkin Park-ը հրապարակել էր Talking to Myself երգի տեսահոլովակը, որն արագ միլիոնավոր դիտումներ է հավաքել: Ըստ իրազեկ աղբյուրի, Չեսթերի ինքնասպանությունն անսպասելի է եղել խմբի անդամների համար, քանի որ, մեծ հաշվով, ոչինչ նման բան չէր հուշում: Այն օրը, երբ Բենինգթոնը որոշել է հեռանալ կյանքից, Linkin Park-ի ֆոտոսեսիան էր նախատեսված Հոլիվուդում:

Երևանում Linkin Park խմբի ինքնասպան եղած մեներգիչ Չեսթեր Բենինգթոնի հիշատակին 2 միջոցառում կանցկացվի։

Ընթերցեք նաև. Երևանում Linkin Park-ի ինքնասպան եղած մեներգչի հիշատակին միջոցառումներ կանցկացվեն