25 հուլիսի 2017 - 10:50 AMT
Ֆաթիհ Աքինը քուրդ զինյալների մասին ֆիլմ է նկարահանում

Թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինըպատրաստվում է ֆիլմ նկարահանել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (ԺԻՋ-YPG) –ի՝ կանանց թևի (YPJ) մասին, որոնք կռվում են Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ:

Աքինն Instagram-ի իր էջում ֆիլմի նկարահանման մասին ազդարարող լուսանկար է հրապարակել, որի վրա պատկերված է մի քուրդ կին զինյալ, իսկ վերջինիս լուսանկարի տակ գրված է.

«Ճնշեք ԻՊ-ին. Աջակցեք ազատության համար կռվող YPG-ին և YPJ-ին: Պաշտպանեք Ժողովրդավարական հեղափոխությունը Ռոժավայում»,- գրում է Ermenihaber.am-ը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Աքինը նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» ֆիլմի ռեժիսորն է:

«Սպի» ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին: Ցեղասպանությունից տարիներ անց նա պատահաբար իմանում է, որ իր զույգ աղջիկները, հնարավոր է, նույնպես փրկվել են, և սկսում նրանց որոնումները՝ հասնելով մինչև Հյուսիսային Դակոտա: Ֆիլմի սցենարը հեղինակել են ռեժիսոր Ֆաթիհ Աքընը ու Մարտիկ Մարտինը: Գլխավոր հերոսի դերակատարն է ալժիրցի դերասան Թահար Ռահիմը: Ֆիլմում նկարահանվել են նաև Սիմոն Աբգարյանը, Արսինե Խանջյանը և այլք: 138 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Իտալական, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմի պրոդյուսերական կազմը համալրում են Ռուբեն Դիշդիշյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը:Կինոժապավենի պրեմիերան կայացել է Վենետիկի 71-րդ միջազագային կինոփառատոնում:Ֆիլմը ցուցադրվել է նաև Թուրքիայում: