25 հուլիսի 2017 - 11:36 AMT
Մխիթարյան. Առաջին խաղաշրջանը ՄՅՈւ-ում կոփեց ինձ

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել որ իր առաջին խաղաշրջանն անգլիական ակումբում կոփել է իրեն:

«Անշուշտ, այդ փորձը ձեռք բերելով, ես ավելի ուժեղ դարձա: Վերջին տարվա դժվարությունները շատ օգնեցին ինձ: Ես ավելի ուժեղ դարձա, կոփեցի բնավորությունս: Կարծում եմ, ես արեցի ինչ հնարավոր էր, քրտնաջան աշխատեցի, որպեսզի ցույց տամ բոլորին, որ արժանի եմ խաղալ թիմում և օգտակար լինել նրան»,-ասել է Մխիթարյանը SkySports-ին տված հարցազրույցում:

Նա հավելել է, որ հավատում է ակումբի հաջողությանն ընթացիկ խաղաշրջանում: Ըստ ֆուտբոլիստի, ՄՅՈւ մարզիչ Ժոզե Մոուրինյոն միշտ ասում է իր սաներին, որ իրենք պետք է ավելի շատ աշխատեն և առավելագույն ջանքերը գործադրեն:

«Մենք գիտենք, որ այս խաղաշրջանում թիմի համար ավելի բարդ է լինելու, քանի որ խաղալու ենք Չեմպիոնների լիգայում, ոչ թե Եվրոպայի լիգայում, իսկ դա բոլորովին այլ բան է», -ասել է Մխիթարյանը:

Հուլիսի 23-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց Մադրիդի «Ռեալին» հետխաղային 11-մետրանոցների արդյունքում International Champions Cup-ում։ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել 46-րդ րոպեին և անվրեպ իրացրել 11-մետրանոցը: