25 հուլիսի 2017 - 14:46 AMT
Հայաստանում աշխատում են տիեզերական սարքի ստեղծման վրա

ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև համաձայնագիրը խաղաղ պայմաններում տիեզերքի հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին:

Հայաստանի համար համաձայնագիրը մեծապես կարևորվում է, քանի որ երկիրն արդեն սկսել է աշխատել տիեզերական սարքի ստեղծման վրա:

Հայկական արհեստական արբանյակը պետք է տեղադրվի երկրաստացիոնար կապի 71.4Е ուղեծրային դիրքում, հայտնում է Pnp.ru-ն:

ՌԴ Միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Արսեն Կանոկովը հայտնել է, որ փաստաթուղթը ստորագրվել է Երևանում 2016-ի ապրիլի 7-ին: Պայմանագրում նշված են գործակցության ոլորտները, ներառյալ աստղաֆիզիկական հետազոտություններն ու մոլորակների ուսումնասիրությունը, սոցիալ-տնտեսական ոլորտներում տիեզերական գործունեության արդյունքների կիրառումը, արբանյակային նավիգացիոն համակարգերի և դրա հետ կապված տեխնոլոգիաների և գործարկման ծառայությունների տրամադրումը:

Բացի այդ, որոշվել են գործակցության ձևերը: Օրինակ՝ համատեղ նախագծերի ծրագրում և իրագործում, գիտական և տեխնիկական տեղեկատվության, փորձարարական տվյալների տրամադրում, գիտնականների փոխանակում, տեխնիկական աջակցություն և այլն:

Կողմերը փոխադարձաբար հրաժարվում են պատասխանատվության կանչելու և վնասի հատուցման վերաբերյալ պահանջներից, եթե վնասը գույքին միտումնավոր չի հասցվել:

Համաձայնագիրը կնքվել է 10 տարով՝ հետագայում 5-ական տարով երկարացնելու հնարավորությամբ, եթե կողմերից ոչ մեկը չի իրազեկել մյուս կողմին համաձայնագրից դուրս գալու մասին, ինչը պետք է արվի սկզբնական կամ երկարացված ժամկետի սպառումից առնվազն 1 տարի առաջ: