25 հուլիսի 2017 - 14:27 AMT
«Դիլիջան» ազգային պարկը նոր տնօրեն ունի

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ: Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, նախարարը ներկայացրել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Արմեն Աբրահամյանին` նշելով, որ արմատապես նոր մոտեցումներ են լինելու:

«Ազգային պարկի յուրաքանչյուր աշխատակից պետք է գործի կարգապահ և օրենքի սահմաններում, քանի որ աշխատակիցների վարքը և գործադրած ջանքերը մեծ նշանակություն ունեն ապօրինի ծառահատումները կանխելու գործում: Յուրաքանչյուր աշխատակից պետք է գիտակցի, որ յուրաքանչյուր ծառ մեր պետության, ժողովրդի և մեր զավակների ժառանգած բարիքն է, և որ ազգային պարկը կարող է շատ մեծ եկամուտներ ապահովել կողմնակի անտառօգտագործման համակարգեր ներդնելով, ռեկրեացիոն և հանգստի գոտիներ կազմակերպելով: Հիմնական շեշտադրումը լինելու է ազգային պարկի էկոլոգիական արժեքները մարդկանց եկամտի ապահովման աղբյուր դարձնելը: Պետք է աշխատանքներ տանել հասարակության հետ, որպեսզի իրենց եկամտի աղբյուրը տեսնեն անտառը պահպանելու և ոչ թե ոչնչացնելու մեջ»,-ասել է նախարարը:

Աբրահամյանը հորդորել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին, որ յուրաքանչյուրը կատարի իր ֆունկցիոնալ պարտականությունները, որպեսզի միասնական աշխատանքի շնորհիվ կարողանան հասնել այն արդյունքին, ինչն այսօր դրված է «Դիլիջան» ազգային պարկի առջև: