25 հուլիսի 2017 - 15:33 AMT
ՄԻՊ. Միջազգային կազմակերպությունները չեն արձագանքում հրադադարի ռեժիմի խախտումներին

Մտահոգիչ է, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին միջազգային կազմակերպությունները չեն արձագանքում: Այդ մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լրագրողների հետ հանդիպմանը:

«Այս հարցն արդեն ինձ մտահոգում է», - ասել է Թաթոյանը՝ տեղեկացնելով, որ օրերս Տավուշի մարզի Բարեկամավան ու Չինարի գյուղերի վրա հակառակորդի կողմից գնդակոծությունների հարցով խոսել է ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ, հայտնում է Aysor.an-ը:

Արման Թաթոյաննադրբեջանական զինված ուժերի կողմից 2017-ի հուլիսի 20-22-ին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցչի հետ:

«Հրապարակային գնահատականներում բացակայում են հստակ, հասցեական գնահատականները: Խոսքս վերաբերում է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին», - հայտարարել է Թաթոյանը՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքը քաղաքականության հետ կապ չունի:

Թաթոյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը զգալի միջոցներ է ներդնում լոբբիստական աշխատանքներ իրականացնելու համար, և միջազգային հանրությանը փորձում է ցույց տալ, որ ատելությունը հայկական կողմից է:

«Պետք է մաքսիմալիստ լինենք այս հարցում և չսահմանափակվենք ձեռք բերածով ու ակտիվ աշխատենք», - նշել է Պաշտպանը:

Հուլիսի 21-ին՝ ժամը 23։00-ից մինչև 01։00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի ուղղությամբ:Բարեկամավան համայնքի ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնել է, որ երկու ժամ ընդմիջումներով անկանոն կրակահերթ է հնչել:

Հունիսի 8-ի երեկոյան ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ: Մարդկային կորուստներ, բարեբախտաբար, չեն եղել: