25 հուլիսի 2017 - 16:18 AMT
ՊԲ-ն հերքում է Բաքվի ապատեղեկատվությունը. Հարվածային անօդաչու սարք չի կիրառել

Արցախի Պաշտպանության բանակը հերքել է հայկական ուժերի կողմից հարվածային անօդաչու թռչող սարք կիրառելու մասին Բաքվի ապատեղեկատվությունը: Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորում է ստացել զինծառայող Մուրազ Բաբակիշիևը, հերթական ապատեղեկատվությունն է:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայկական զինված ուժերը անօդաչու թռչող սարք են գործի դրել, «որն ադրբեջանական բանակի դիրքերի վրա պայթուցիկ սարք է նետել, լցոնված խոցող տարրերով», որի հետևանքով ադրբեջանցին զինծառայող է վիրավորվել:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ հարաբերական հանգիստ: Ուղղակի ադրբեջանական քարոզչամեքենան աշխատում է իր ոճով՝ փորձելով ապատեղակատվություններ տարածելու եղանակով մոլորության մեջ գցել ինչպես իր, այնպես էլ միջազգային հանրությանը:

ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով ոչ միայն չեն կիրառել անօդաչու թռչող սարքեր, այլև շարունակում են խստիվ հետևել հրադադարի պահպանման ռեժիմին, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հուլիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 200 անգամ՝ հիմնականում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: