25 հուլիսի 2017 - 17:35 AMT
Նախարար. Հաշմանդամության սայլակները կտրամադրվեն հավաստագրերով

Հաշմանդամության սայլակների տրամադրումն այսուհետ լինելու է հավաստագրերով: Այդ մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, հայտնում է Aysor.am-ը:

«Այդ ոլորտում գործակցող հասարակական կազմակերպությունների հետ մեր վերջին քննարկման արդյունքում եկանք այն եզրակացության, որ այս ոլորտում պետք է անցնենք հավաստագրերի տրամադրման, այսինքն՝ հավաստագիր, որն իր մեջ գումար է պարունակում, և քաղաքացին հնարավորություն կունենա ընտրելու պարագան», - ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ քննարկվել է նաև այն որ այսուհետ կտրամադրվեն դրսի և տան սայլակներ:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ հաշմանդամության կարգ ստանալու համար հիվանդությունների դեպքերի մասով սահմանվելու է բացառապես փաստաթղթային կարգով փորձաքննություն: «Այն բոլոր հիվանդության դեպքերը, որոնք անդառնալի կորստի են բերել, կենսագործունեության սահմանափակման, սահմանելու ենք դրանց բացառապես փաստաթղթային կարգով փորձաքննությունը, որը, մեր վերլուծությունների գնահատմամբ, կազմելու է փորձաքննությունների 30-40%-ը, այդ պարագայում ուղղակի որևէ այլ գործողություն հնարավոր չի լինի, որովհետև եթե կա պատկերը, ապա կլինի համապատասխան որոշում», - նշել է նախարարը:

Ավելի վաղ նախարար Արտեմ Ասատրյանը հավաստիացրել էր, որ որևէ փոփոխություն ինքնանպատակ չի արվելու, ավելին, հստակեցնելով «հաշմանդամություն ունենալու» և «հիվանդ լինելու» չափորոշիչները` պետությունը հնարավորություն է ունենալու հաշմանդամներին տալ հավասար հնարավորություններ իրենց իրավունքների լիարժեք իրացման համար, իսկ հիվանդություն ունեցող անձանց` համապատասխան ծառայությունների փաթեթ: