17 օգոստոսի 2017 - 11:47 AMT
Հանրապետության հրապարակում լուսացույցների եռագույն ռեժիմը կփոխարինվի դեղին թարթիչով

Երևանի Հանրապետության հրապարակի մերձակա փողոցներում տրանսպորտային միջոցների կուտակումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար օգոստոսի 17-ից Ամիրյան, Նալբանդյան փողոցների և Տիգրան Մեծի պողոտայի՝ հրապարակ մուտք-ելքի հատվածների լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմը փորձնական կարգով կփոխարինվի միայն դեղին թարթող ռեժիմով:

Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով տրանսպորտային միջոցների վարորդներին ՃՈ-ն հորդորում է լինել ուշադիր և զիջել փողոցը հատող հետիոտներին:

Հունիսի 11-ից Հանրապետության հրապարակում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում երթևեկության առավելություն ունեն հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև հատված մուտք գործողները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: