17 օգոստոսի 2017 - 14:19 AMT
Գյուղարտադրանք մթերողների վարկերի տոկոսները մասնակի կսուբսիդավորվեն. Ծրագիրը պիլոտային է

Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները մասամբ կսուբսիդավորվեն։

Գյուղնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, ընկերություններին պտուղ-բանջարեղենի և խաղողի մթերումների իրականացման համար տրամադրվելու է տարեկան 3% տոկոսադրույքով վարկ մեկ տարի ժամկետով:

Համապատասխան հուշագիրը ստորագրել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը:

«Քանի որ ծրագիրը փորձնական է, այս տարի յուրաքանչյուր շահառու կկարողանա ստանալ մինչև 150 մլն դրամ, սակայն հաջորդ տարիներին տրամադրվող գումարի չափը կավելացվի», – նշել է Ռոբերտ Մակարյանը:

Արդեն երեք բանկ պատրաստակամություն է հայտնել միանալ ծրագրին։ Հուշագրով նախատեսվում է աջակցություն ցուցաբերել կայուն, կանխատեսելի և բարենպաստ բիզնես միջավայրի ապահովմանը, ճշգրտել տվյալ տարվա խաղողի, պտղի և բանջարեղենի մթերման առաջնահերթություններն ըստ տեսականու և մարզերի, բացահայտել մթերման գործընթացում առկա խնդիրները:

«Այժմ հանրապետությունում մթերումների շրջան է և բազաթիվ մթերողներ ունեն ֆինանսական միջոցների կարիք: Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ մթերողներն այդ միջոցները ձեռք էին բերում բավական բարձր տոկոսադրույքով` չկարողանալով մարել մթերումների դիմաց կուտակված պարտքերը, մինչդեռ այս ծրագիրը թույլ է տալիս լուծել այդ խնդիրը», – նշել է Վահե Հարությունյանը: