17 օգոստոսի 2017 - 14:26 AMT
Արցախի ու ՀՀ վարչապետները Թալիշում էին. Մատաղիսում էլ ծանոթացել են ժամանցի պայմաններին

ՀՀ և ԼՂՀ վարչապնետեր Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանն այցելել են Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններ, եղել Մատաղիս և Թալիշ համայնքներում:

Ասկերանի և Մարտունու շրջաններում վարչապետները ծանոթացել են ոռոգման կաթիլային համակարգերի միջոցով նռան այգիների և ծխախոտի դաշտերի մշակմանը: Հարությունյանը նշել է, որ հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը՝ Արցախի կառավարությունը խրախուսում և աջակցում է բոլոր այն տնտեսվարողներին, որոնք ցանկություն ունեն իրենց այգիներում տեղադրել այդ համակարգը:

ԱՀ և ՀՀ վարչապետները ծանոթացել են Թալիշում ընթացող շինարարական աշխատանքներին, ինչպես նաև տեղում քննարկել համայնքի զարգացմանը վերաբերող մի շարք ծրագրեր:

«Թալիշի վերականգնման ծրագիրը գտնվում է մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում: Անցած տարվա ապրիլին, Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով, գյուղի բնակչությունը ստիպված է եղել լքել սեփական տունն ու տեղը: Այսօր մեր խնդիրն է անվտանգության բավարար և սոցիալ-տնտեսական գրավիչ պայմաններ ապահովել, որպեսզի ապագայում թալիշցիներն այլևս հարազատ օջախը լքելու խնդիր չունենան»,- ասել է Հարությունյանը:

Հարությունյանը և Կարապետյանը Մատաղիսում այցելել են նորաբաց հանգստյան գոտի, որտեղ ծանոթացել են ջրամբարի հարևանությամբ օտարերկրյա ներդրումով ստեղծված հանգստի ու ժամանցի պայմաններին: