18 օգոստոսի 2017 - 13:15 AMT
Զախարովա. ԼՂ հիմնահարցը ՌԴ արտաքին քաղաքականության գերակայություններից է

Ռուսաստանը միշտ էլ աջակցել է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերին: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են ղարաբաղյան կարգավորմանը նվիրված հերթական գագաթնաժողովի կազմակերպման վրա:

«Այդ նպատակով 2017-ի հուլիսին համանախագահները Բրյուսելում բանակցություններ անցկացրին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Խորհրդակցությունները սեպտեմբերի երկրորդ կեսին կշարունակվեն Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նիստի շրջանակում: Դրանց արդյունքում համապատասխան հայտարարություն կարվի»,- նշել է նա:

Զախարովայի խոսքով, ՌԴ-ն անում է հնարավորը՝ իրավիճակը կայունացնելու ու բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:

«Հենց այդ մոտեցումն էր գերիշխում Մոսկվայում ապրիլինի կայացած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ»,- ասել է նա:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Ռուսաստանում ղարաբաղյան թեմային հատուկ ուշադրություն է դարձվում, այն ՌԴ արտաքին քաղաքականության գերակայությունների թվում է: