21 օգոստոսի 2017 - 11:52 AMT
Խոսրովի արգելոցում շարունակվում են հրդեհի հետմարման աշխատանքները

Արարատի մարզում գտնվող «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, օգոստոսի 20-ին հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցել է 100 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից:

Արգելոցի տարածքում իրականացվել են 149 ծխացող օջախների և 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ:

Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության ոստիկանները:

Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին։ Արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի խոսքերով, «կորուստները անգնահատելի են, բայց մենք մեծ հույս ունենք, որ շատ կարճ ժամկետներում կվերականգնվի մեր կորուստների որոշ մասը»: