1 փետրվարի 2008 - 14:18 AMT
Ռումինիան չի կարողանա ճանաչել Կոսովոյի անկախությունը
Ռումինիան չի կարողանա ճանաչել Կոսովոյի անկախությունը: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է երկրի նախագահ Տրայան Բեսեսկուն: «Իմ երկիրը չի կարողանա ճանաչել Կոսովոյի անկախությունը, կարեւոր չէ, կհռչակվի այն միակողմանի կարգով թե Բրյուսելի եւ Վաշինգտոնի հետ համաձայնեցված: Այդ դեպքում ինչ ազդակ ենք մենք հղում այլ բազմազգ երկրներին, որտեղ կան նմանատիպ խնդիրներ կամ սառեցված հակամարտություններ»,-ընդգծել է նա:

Ռումինիայի նախագահի խոսքերով, Կոսովոյի անկախությունը կհարվածի ՄԱԿ-ի Խարտիային եւ Հելսինկիի եզրափակիչ ակտին` այն փաստաթղթերին, որոնց Եվրոպան պարտական է խաղաղության 60 տարիներով: Այդ փաստաթղթերը հիմնարար են միջազգային հարաբերությունների ետպատերազմյան համակարգի համար, մասնավորապես, այնտեղ ամրագրված են սահմանների անխախտելիության սկզբունքները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ռումինիան ԵՄ պետությունների այն խմբում է, որոնք դեմ են Կոսովոյի անկախությանը առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձեւի: Նման դիրքորոշում ունեն նաեւ Իսպանիան, Բուլղարիան, Հունաստանը, Կիպրոսը եւ Սլովակիան: