8 սեպտեմբերի 2017 - 11:37 AMT
ՀՀ-ում կենսատեխնոլոգիական կենտրոն կբացվի. FMD KL Europe-ն ավելացնում է ներդրումները

Հայաստանում կենսատեխնոլոգիական կենտրոն կստեղծվի: Այդ մասին հայտարարել է FMD KL Europe ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյաննի հանդիպման ժամանակ, որտեղ քննարկել են զարգացման ծրագրերը։

Ներկայում ընկերությունը ներդրումներ է կատարում կառույցը միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնիկայով ու սարքավորումներով հագեցնելու համար։ Միայն այս տարվա ընթացքում մարդկային կապիտալի վերապատրաստման և տեխնոլոգիական կենտրոնի վերազինման համար 1 միլիոն դոլարի ներդրում է արվել։

«Այստեղ, Հայաստանում նոր ներդրումներով բիոտեխնոլոգիական կենտրոն ենք բացում, որը թույլ կտա մասնագետների թիվը հասցնել 250-ի և նպաստել ոլորտի զարգացմանը։ Մեր հաջորդ քայլով նախատեսում ենք Հայաստանում կլինիկական հետազոտությունների հիմքերը դնել։ 2018-ին նպատակ ունենք բացելու նաև մեր առաջին կլինիկան, որը կսկսի առաջին անհրաժեշտության խնամքի միջոցների՝ շամպունների, քսուկներիփորձարկումների հետազոտություններ, իսկ հետո կանցնենք բարդ կլինիկական փորձարկումների։ Մեր գործունեության հենց սկզբից Հայաստանի զարգացման հիմնադրամը և կառավարությունը մշտապես աջակցել են։ Ընկերությունը չէր կարող այս տեմպերով զարգանալ, եթե չլիներ այդ աջակցությունը»- նշել է FMD KL Europe ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին։

Վելանին ներկայացրել է կենսատեխնոլոգիաների ոլորտի ներուժը, նշելով որ այն արդյունաբերական զարգացման փուլում է և կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը։ «Հայաստանյան լաբորատորիայում նստած երկու մարդ կարող են նյութ ստեղծել, որը միլիարդների եկամուտներ կարող է ապահովել երկրին»,- նշել է FMD KL Europe ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին։

Հիմնադրամի և ընկերության ղեկավարները քննարկել են հնարավոր քայլերը, որոնք ՀԶՀ առաջարկությամբ կառավարությունը կարող է ձեռնարկել՝ բիոտեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու համար։ FMD KL Europe-ի ղեկավարը բարձրացրել է նաև Հայաստանում ինտերնետի բարձր գնի, անկայուն էլեկտրամատակարարման ու մաքսազերծման հարցեր։

«Տնտեսության մեջ ՀԶՀ հիմնական գործունեությունը արտասահմանյան կազմակերպությունների ու ներդրողների գործը հեշտացնելը, սահուն դարձնելն է։ Այն բոլոր հարաբերությունները, որ իրենք ունենում են պետական համակարգի հետ՝ լինի մաքսային, հարկային, կոմունիկացիաների անցկացման, մեր գործն է արագացնել պրոցեսը, որ կարողանան իրենց բիզնեսով շահույթ ստեղծել և, հուսանք, այդ շահույթը վերաներդնեն մեր երկրում»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, հայտնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը:

FMD KL Europe-ը FMD K&L համաշխարհային կորպորացիայի հայաստանյան մասնաճյուղն է, որը պայմանագրային հետազոտական ծառայություններ է մատուցում աշխարհի առաջատար դեղագործական և առողջապահական ձեռնարկություններին։ Գործունեության մոտ 3 տարում ընկերությունը աշխատողների թիվը հասցրել է 150-ի, ներկայում միջազգային որակավորման ևս 20 մասնագետի կարիք ունի։ ՀԶՀ հետներդրումային սպասարկման թիմն աջակցել է FMD KL Europe ընկերությանը՝ գործունեության ընդլայման տարբեր փուլերում։