12 սեպտեմբերի 2017 - 12:49 AMT
ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի

Սեպտեմբերի 12-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխաիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հայտնում է Արցախի մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել է պահպանվել նախորդ շաբաթներին հաստատված հարաբերական անդորրը: Ինչպես հաղորդել է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 2500 կրակոց: