ՀՀ և Մոլդովայի քաղաքացիներն այսուհետ կկարողանան առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելություններ կատարել: Համապատասխան համաձայնագիրը վավերացվել է սեպտեմբերի 12-ին:
Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաստաթղթին: Վավերացման օգտին քվեարկել է 91 պատգամավոր: Դեմ և ձեռնպահներ չեն եղել:
Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողով էր ներկայացվել Հայաստանի և Մոլդովայի միջև առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ սահմանելու վերաբերյալ օրինագիծը: Ինչպես նշել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ներկայացնելով օրինագիծը, ԱՊՀ շրջանակում գործում է առանց վիզաների փոխադարձ այցելությունների մասին դրույթը:
Համաձայնագիրը կտարածվի ինչպես դիվանագիտական, այնպես էլ սովորական անձնագրեր ունեցող քաղաքացիների վրա, ՀՀ և Մոլդովայի քաղաքացիները կկարողանան 6 ամսվա ընթացքում 90 օր առանց վիզայի լինել Մոլդովայի և ՀՀ տարածքում համապատասխանաբար:
Ավելի վաղ ՀՀ խորհրդարանը որոշում ընդունեց, որի համաձայն Ճապոնիայի քաղաքացիներն ազատվեցին մուտքի արտոնագիր ստանալու անհրաժեշտությունից: Ըստ որոշման, Ճապոնիայի քաղաքացիները կկարողանան տարվա մեջ 180 օր առանց մուտքի արտոնագրի մնալ ՀՀ տարածքում: