12 սեպտեմբերի 2017 - 17:26 AMT
GetTreated. Հայկական ստարտափ՝ բժշկական տուրիզմից օգտվել ցանկացողների համար

GetTreated hայկական ստարտափը կոչված է հոգալու բժշկական տուրիզմի կազմակերպման հետ կապված հարցերը: Րաֆֆի Էլիոթի ստեղծած հավելվածի միջոցով օգտատերերը կարող են կապ հաստատել աշխարհի ցանկացած երկրի ցանկացած կլինիկայի հետ, զրուցել իրենց հետաքրքրող մասնագետի հետ, եթե կարիք կա՝ անգամ ներկայացնել իրենց բժշկական փաստաթղթերն ու բժշկական խորհրդատվություն նշանակել:

PanARMENIAN.Net-ի հետ զրույցում Րաֆֆին պատմել է հավելվածը ստեղծելու շարժառիթների, ինչպես նաև իր՝ Կանադայից ՀՀ տեղափոխվելու մասին:

«Ես ծնվել, մեծացել եմ Կանադայում: Հայրս իռլանդացի է, մայրս՝ հայ: Հայաստանում շատ էի եղել, և 2011-ին որոշեցի վերջնական հայրենադարձվել: Այստեղ ծրագրավորման ընկերություն բացեցի, որը բավական հաջող էր: Հիմնականում արտասահմանյան ընկերությունների համար էինք պատվերներ կատարում»,- պատմում է Րաֆֆին: Դրանից մի քանի տարի հետո նա Երևանում վիրահատության է ենթարկվել: Պատմում է՝ խնդիրը վաղուց կար, բայց կանադացի բժիշկները կամ չէին կարողանում, կամ էլ պարզապես չէին ցանկանում նրան օգնել:

«Շատ էի լսել, որ մարդիկ գալիս են Հայաստան բժշկի այցելելու համար՝ լինի դա ատամնաբույժ, թե՝ պլաստիկ վիրաբույժ: Ես էլ վիրահատվեցի, և գին-որակ հարաբերակցությունն ուղակի ապշեցնող էր: Կանադայում ու ԱՄՆ-ում վիրահատությունները կամ շատ թանկ են, կամ անվճար՝ բայց ստիպված ես ամիսներ շարունակ սպասել, մինչև հերթդ հասնի: Իսկ այստեղ շատ մատչելի վիրահատվեցի, և արդյունքը հրաշալի էր: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի, որ ցանկանում եմ մի հավելված մշակել, որի միջոցով ամբողջ աշխարհում մարդիկ կիմանան այս հնարավորության մասին»:

Որոշմանը հաջորդել է միջազգային շուկայի ուսումնասիրությունը: Րաֆֆին նշում է՝ ամբողջ աշխարհում բժշկական տուրիզմը տարեկան $55 մլրդ-անոց շուկա է ապահովում, և շրջանառությունը տարեկան 10%-ով ավելանում է:

«Մենք այնպիսիս հարթակ ենք ստեղծել, որով հաճախորդին հնարավրություն ենք տալիս ընտրել իրենց հարմար տվյալներով կլինիկա, իրենց ցանկացած երկրում, կապ հաստատել բժշկի հետ, եթե հարկ կա՝ ներկայցնել բժշկական փաստաթղթերը: Եվ այս ամենն ամբողջովին ապահով է: Մեր GetTreated (թարգմանաբար՝ բուժվիր) հավելվածով հնարավոր է անգամ թռիչքներն ու հյուրանոցը պատվիրել: Հիմնական գաղափարը սա է՝ բժշկական տուրիզմի համար անհրաժեշտ բոլոր հարցերը լուծելի են մեկ հավելվածի միջոցով»:

GetTreated-ը մեկն է հայկական 15 նորարարական ստարտափերից, որոնք Բեռլինում ներկայացվել են գերմանական լսարանին: Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական Միության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ: