13 սեպտեմբերի 2017 - 16:34 AMT
Դեսպան. ԱՄՆ-ն չի պատրաստվում վերացնել ՀՀ հետ կրկնակի հարկման համաձայնագիրը

1970-ական թվականերին ընդունված և այս պահին էլ ՀՀ և ԱՄՆ միջև գործող կրկնակի հարկման վերաբերյալ համաձայնագիրը լիովին բավարարում է երկու երկրի առևտրային հարաբերությունների իրականացման համար: Այս մասին սեպտեմբերի 13-ինլրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

«Մենք նշել ենք, որ նման համաձայնագրի ստորագրումը կդիտարկվի, եթե իրապես անհրաժեշտություն առաջանա առևտուրը խթանելու համար նման համաձայնագիր ունենալ: Մենք սպասում ենք, թե ինչ փաստարկներ կներկայացվեն ՀՀ կառավարության կողմից, որոնցով կհիմնավորվի նոր համաձայնագրի անհրաժեշտությունը»,- ընդգծել է դեսպանը, գրում է Panorama.am-ը:

«Հայաստանում որպես դեսպան պաշտոնավարելու ընթացքում ինձ համար գերակա խնդիր է եղել տնտեսական և առևտրային կապերի ամրապնդումը մեր երկրների միջև»,- ասել է նա:

Դեսպանը հայտնել է նաև, որ օրերս Հայաստանում ընդունել է ԱՄՆ-ի առևտրի գրասենյակի երկու բարձրաստիճան պաշտոնյայի, որպեսզի ներկայացնեն GSP-ի համակարգի ներքո առկա հնարավորությունները, որոնցից Հայաստանը կարող է օգտվել:

«Այս ծրագրի շրջանակում որոշակի երկրներից որոշակի ապրանքատեսակներ հնարավոր է Միացյալ նահագներ արտահանել արտոնյալ ռեժիմով՝ նվազեցված մաքսային վճարներով: Այս պահին Հայաստանի արտահանումների 60 տոկոսը ԱՄՆ իրականացնում է GSP ռեժիմի ներքո, մասնավորապես, ալյումինե փայլաթիթեղ, ոսկերչական իրեր, ջեմեր և այլն: Ես հավատացած եմ, որ Հայաստանի գործարարներն ավելի շատ կարող են օգտվել GSP-ի ընձեռած հնարավորություններից»,- մանրամասնել է դեպսան Միլսը: