«Սյունիք» օդանավակայնի վերագործարկմանն ուղղված աշխատանքների շրջանակներում մեկնարկել են օդանավակայանի շենքի կառուցման աշխատանքները։ Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Սահակ Հակոբյանը՝ նշելով, որ զուգահեռ տարվում են նաև թռիչքուղում վերանորոգման աշխատանքները:
«Օդանավակայանի շենքը նախատեսվում է մոտ 900 մ2 մակերեսով: Նախատեսվում է, որ շենքում ժամում 100 ուղևոր կսպասարկվի: Այս համապատասխանելու է անվտանգության բոլոր չափանիշներին: Նույն շենքում է գործելու նաև օդանավների նավիգացիոն կենտրոնը: Աշխատանքները պլանավորում ենք ավարտել մինչև 2018-ի առաջին կիսամյակի ավարտը»,- մանրամասնեց Հակոբյանը:
Մարզպետի խորհրդականը նշեց, որ օդանավակայանը ծրագրում են շահագործման հանձնել մինչև 2018-ի կեսերը: Օդանավակայանի շենքի կառուցման նախագծի հեղինակը «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ն է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաջին օդանավը փորձնական վայրէջք է կատարել Սյունիքի օդանավակայանում: