Վերջին շրջանում նկատվում է Հայաստան-Իսրայել երկկողմ փոխայցելությունների ակտիվացում, ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների կողմից: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Իսրայելի խորհրդարանական պատվիրակությանը՝ Քնեսեթի փոխխոսնակ, Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի և փոխխոսնակ Յոել Խասսոնի հետ հանդիպմանը:
Զրուցակիցները քննարկել են հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ընդգծել են գործարար կապերի խթանման անհրաժեշտությունը, անդրադարձել են մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հնարավորությանը։
ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ պարբերական շփումները նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը:
Իսրայելցի խորհրդարանականները նշել են, որ իրենց եռօրյա այցի ծրագիրը բավականին հագեցած է, ինչը հնարավորություն է ընձեռում տարբեր մակարդակներով քննարկել համոգործակցության խորացման հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արտգործնախարարը կարևորել է Հայաստանի և Իսրայելի միջև միջխորհրդարանական ձևաչափով համագործակցությունը՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը հայ-իսրայելական հարաբերությունների ամրապնդման գործում:
Էդվարդ Նալբանդյանը նշել է նաև, որ «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումը դառնում է երկու երկրների հասարակությունների միջև երկխոսության կարևոր հարթակ, ինչի վկայությունն է ֆորումի երրորդ նիստի անցկացումը Երևանում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ։
Ավելի վաղ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ Հայաստանը հետաքրքրված է Իսրայելի հետ համագործակցության զարգացմամբ և հատկապես տնտեսական կապերի ակտիվացմամբ: Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի իր հերթին Երևանում հայտարարեց, որԻսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ: