15 սեպտեմբերի 2017 - 11:31 AMT
3D մոդելավորմամաբ Սարոյանը «կվերադառնա» Ֆրեզնոյի իր տուն

2018-ի օգոստոսի 31-ին ամերիկահայ հանրահայտ գրող, նովելիստ Վիլյամ Սարոյանն իր ծննդյան 110-րդ տարեդարձի առթիվ կվերադառնա Ֆրեզնո, կքայլի իր տան շրջակայքում, կզրուցի այցելուների հետ ու անգամ կատակներ կանի: Սա պատրանք չէ, այլ Intellectual Renaissance Foundation-ի (IRF) իրական ու արդեն իսկ իրականացվող նախագիծը:

IRF-ն 2015-ի դեկտեմբերին գնել է Ֆրեզնոյում Սարոյանի տունը և հայտարարել հեղինակի մանկության տունը վերականգնելու և այնտեղ «Սարոյանի տունը» նախագծի իրագործման մասին: Տան արտաքին հատվածի վերանորոգումն արդեն իսկ ավարտվել է: Սպասվում է, որ սեպտեմբերի վերջին տեղի քաղաքապետարանը թույլտվություն կհատկացնի նաև տան ներքին հարդարանքի համար:

«Ինտերակտիվ թանգարանը կջնջի ժամանակի ու տարածության բոլոր սահմանները»,- ասել է նախագծի վրա Հայաստանից աշխատող Սաթենիկ Ավագյանը, հաղորդում է Fresno Bee-ն:

IRF-ն կոնցեպտն ու դիզայնը զարգացնելու համար գործակցում է Երևանում գործող «Ստորակետ» ճարտարապետական ընկերության հետ, որպեսզի Սարոյանի տունը վերածեն եռաչափ քարտեզագրմամբ թանգարանի:

Հայաստանից կրեատիվ դիզայներների խմբի պնդմամբ, այցելուները տանը կլսեն Սարոյանի ձայնը:

Սարոյանը ուղղակիորեն չի զրուցի նրանց հետ, բայց կկարողանա շփվել, պատասխանել հարցերն: Սարոյանական պատմությունների հերոսների 3D մոդելները ևս ներկա կլինեն տուն-թանգարանում և կշփվեն այցելուների հետ:

2017-ի վերջին Երևանում կկազմակերպվի նաև Վիլյամ Սարոյանի՝ Հայաստան կատարած այցից լուսանկարների ցուցահանդեսը: