12 հոկտեմբերի 2017 - 16:24 AMT
Մխիթարյանը՝ ֆուտբոլի աստղերի թվում, որոնք չեն մասնակցի ԱԱ-2018-ին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ֆուտբոլի 16 աստղերի ցանկում, որոնք չեն մեկնի Ռուսաստան՝ ԱԱ-2018-ին:

«ԲԿՄԱ-«ՄՅՈւ» հանդիպմանը մենք տեսանք, թե որքան են սիրում Հենրիխ Մխիթարյանին Ռուսաստանում: Խաղից հետո երկրպագուները նրան Լուկակուից և Դե Խեայից ավելի էին սպասում: Հաճելի էր, որ Մխիթարյանը գրեթե 1 ժամ հատկացրեց բոլորի հետ լուսանկարվելու և ինքնագրեր բաժանելու համար: Ռուսաստանի հայ համայնքը վստահաբար կզգա Մխիթարյանի պակասն աշխարհի առաջնությանը»,- գրում է Championat.com-ը:

Ցուցակում են նաև՝ Դավիթ Ալաբան (Ավստրիա), Ռիադ Մարեզը (Ալժիր), Էդին Ջեկոն և Միրալեմ Պյանիչը (Բոսնիա և Հերցոգովինա), Պիեռ Էմերինգ Օբամեյանգը (Գաբոն),Նաբի Քեյթան (Գվինեա), Արյեն Ռոբենը (Նիդերլանդներ), Մարեկ Գամշիկը (Սլովակիա), Յան Օբլակը (Սլովենիա), Արդա Տուրանը (Թուրքիա), Անդրեյ Յարմոլենկոն (Ուկրաինա), Գարեթ Բեյլը և Ահարոն Ռեմսին (Ուելս), Ալեքսիս Սանչեսը և Արթուրո Վիդալը (Չիլի):

Ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Ղազախստանի հետ՝ 1:1: 26-րդ րոպեին Մարկոսի փոխանցմամբ գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: Վերջին խաղից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով 5-րդ տեղը զբաղեցրեց խմբում և չի մասնակցի աշխարհի առաջնությանը: