16 հոկտեմբերի 2017 - 15:54 AMT
Վարդան Գրեգորյանը՝ Forbes-ին. Կրթությունը հեռանկար է տալիս

Մարդը հեռանկար պետք է ունենա, ամենակարևոր բաներից մեկը, ինչ կարող է տալ կրթությունը, դա հեռանկարն է: Այս բառերը պատկանում են հայտնի ամերիկահայ բարերար, Նյու Յորքի բարեգործական «Քարնեգի կորպորացիայի» նախագահ, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանին, որի մասին մեծ հոդված է հրապարակել Forbes Life-ը:

Ամսագիրը ներկայացրել է նրա կենսագրությունն ու անցած ուղին, ինչպես նաև զրուցել է բարերարի հետ:

Ըստ Գրեգորյանի, մասնագիտացման այս դարաշրջանում, երբ ուսանողները հաճախ զուտ մասնագիտական գիտելիքներ են ստանում, հարկավոր է կրթություն, որը կնախապատրաստի կյանքին, ոչ թե աշխատանքին:

Գրեգորյանը հորդորում է՝ բուհ ընտրելիս չառաջնորդվել միայն բրենդով: «Հաշվի առեք, թե ովքեր են դասախոսներն ու շրջանավարտները: Ո՞վ է Ռոստովի համալսարանից, ով Պետերբուրգի, ով Մոսկվայի: Կա՞ն արդյոք նրանց թվում ականավոր գործիչներ, ո՞վ է եղել նրանց գիտական ղեկավարը: Առաջնորդվեք անձերով, ոչ թե բրենդերով»,- ասել է նա:

Նա հորդորում է նաև հետաքրքրասեր լինել: Հետաքրքրասիրությունն է բացահայտումներ ծնում, իսկ բացահայտումները՝ տեխնոլոգիական հեղափոխություններ: «Եթե չունեք բավարար որակավորում, մի վախեցեք բարձրաձայնել դա: Կարդացեք մարդկանց կենսագրությունները: Կարդացեք գործատուի կենսագրությունը՝ ի՞նչ մարդ է, ո՞վ է աշխատել այդ պաշտոնում ձեզանից առաջ, ուր է հիմա»:

«Եսվ մեկ խորհուրդ, որ բոլորին եմ տալիս՝ փակվեք սենյակում, գրեք թղթի վրա ինչ եք ուզում դառնալ, իսկ ներքևում՝ ձեր ուժեղ և թույլ կողմերը: Մեկ ամսից կրկին փորձեք: Կարդացեք, թե ինչ եք գրում և շատ ավելի լավ կճանաչեք ինքներդ ձեք: Մարդը պետք է տեսնի իր իրական դեմքը, ոչ թե սոցիալական դերը»,-ասել է Գրեգորյանը: