16 հոկտեմբերի 2017 - 17:58 AMT
ՀՀ նախագահ․Միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմից դուրս

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հանդիպում է ունեցել նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Իր խոսքում Սարգսյանը նաև ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները:

«Որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք», - նշել է նա:

«Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ասել է Սերժ Սարգսյանը: