17 հոկտեմբերի 2017 - 10:46 AMT
ԱԺ պատգամավորներին է ներկայացվել ռազմարդյունաբերության նորագույն արտադրանքը

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ Ազգային Ժողովի տարբեր խմբակցությունների մի խումբ պատգամավորների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմադյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ:

Հանդիպման ընթացքում պատգամավորներին են ներկայացվել հայրենական ռազմարդյունաբերության մի շարք նորագույն արտադրատեսակներ, դրանց մարտավարական-տեխնիկական բնութագրերն ու հնարավորությունները: Ընդգծվել է, որ մարտական հերթապահության ընթացքում նոր արտադրատեսակների կիրառումը առանձին ուղղություններով էապես փոխել է ուժերի հարաբերակցությունը` հակառակորդի գործողությունները դարձնելով առավել վերահսկելի և կանխատեսելի:

Հանդիպման երկրորդ հատվածում հարցեր են ուղղվել Վիգեն Սարգսյանին և Դավիթ Փախչանյանին:

Քննարկումների առանցքում եղել են ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի հիմնախնդիրներն ու զարգացման ծրագրերը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

ԱԺ պատգամավորները գոհունակություն են հայտնել հանդիպման ձևաչափի կապակցությամբ, նշելով, որ նման քննարկումները չափազանց կարևոր են՝ երկրի համար կենսական կարևորություն ներկայացնող և վերկուսակցական նշանակություն ունեցող՝ պետության անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ ոչ միջնորդավորված տեղեկություններ ստանալու և գործընթացի մասին լիարժեք պատկերացում կազմելու տեսանկյունից: