17 հոկտեմբերի 2017 - 11:13 AMT
Տարասով. ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման փաստն արդեն ողջունելի է

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման փաստն արդեն ողջունելի է: Այս մասին ասել է Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած հանդիպմանը:

«Կողմերը պետք է պահպանեն բանակցային գործընթացի ձևաչափը, ինչը կնվազեցնի ռազմական առճակատման ռիսկը: Հանդիպման մասին այսքանը կարող եմ ասել, քանի որ եղած տեղեկատվությունը շատ քիչ է: Նման մակարդակով հանդիպումների ժամանակ սովորաբար կամ հայտնի է լինում օրակարգը, կամ ինֆորմացիոն արտահոսք է լինում այն մասին, թե ինչ հարցեր կարող են քննարկվել, որը հնարավորություն է տալիս վերլուծաբաններին մեկնաբանություններ կատարել: Այս դեպքում մինչ հանդիպումը իրար հակասող հայտարարություններ եղան: Մասնավորապես, նախագահ Ալիևն ասում էր, թե իբր Հայաստանն ընդունել է ինչ-որ նախապայմաններ, իսկ թե ինչ նախապայմաններ, չի էլ ասում: Հայաստանն ընդգծում է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Համանախագահներն էլ խոսում են ինչ-որ փաստաթղթի մասին, որի մանրամասները քննարկվում են: Այս իրար հակասող հայտարարությունների ֆոնին դժվար է ինչ-որ մեկնաբանություն անել»,-ասել էՍտանիսլավ Տարասովը, հայտնում է Արցախպրեսը:

Անդրադառնալով սահմանային անվտանգության հարցերին, նա նշել է, որ այդ մասին հեշտ է խոսելը, բայց դրա համար անհրաժեշտ է ընդունել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, մասնավորապես, սահմանին վերահսկողական մեխանիզմներ դնելու հարցը:

«Ադրբեջանն, ինչպես տեսանք, չի ընդունում այդ պայմանավորվածությունները, նույնիսկ չի ցանկանում քննարկել այդ թեման: Կընդունի այս անգամ այդ պայմանավորվածությունները, դժվար է ասել, բայց ես, անկեղծ ասած, կասկածում եմ»,-ասել է ռուս վերլուծաբանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հանդիպում է ունեցել նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Իր խոսքում Սարգսյանը նաև ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները: «Որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք», - նշել է նա: